Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) 2009 թվականին ՄԳՏԿ (Միջազգային Գիտական Տեխնիկական Կենտրոն) Ա1444 նախագծի սահմաններում սկսվեցին արագացուցչային մեթոդներով բժշկական իզոտոպներ` մասնավորապես Տեխնեցիում99մ և Յոդ123, իզոտոպների ստացման տեխնոլոգիայի ստեղծման և զարգացմանն ուղղված աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում էին իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի և վերոհիշյալ նախագծի ղեկավար ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածուԱլբերտ Ավետիսյանի ղեկավարությամբ: Գծային էլեկտրոնային ԼՈՒԷ50 արագացուցչի փնջի վրա ստեղծվել էր փորձարարական սարքավորում:
Ճառագայթված թիրախից Տեխնեցիում99մ իզոտոպը զտելու համար օգտագործվեց կենտրոնախույս էքստրակտոր, որի հեղինակներն էին Ալեքսանդր և Օլեգ Ֆիլյանինները(Մոսկվա): Այդ էքստրակտորի հիման վրա մոսկովյան"ՄԵԴՌԱԴԻՈՊՐԵՊԱՐԱՏ"
կազմակերպության աշխատակիցներ Պավել Յերիլովը և Ալեքսանդր Զվերևը հավաքեցին Տեխնեցիում99մ իզոտոպի զտման կիսավտոմատ սարք: 2012 թ. հուլիսին վերոհիշյալ անձինք ժամանեցին Երևան, որտեղ կատարեցին այդ սարքավորման լրիվ հավաքումը, կարգավորումը և շահագործման մեկնարկումը: Իսկ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները իրագործեցին ԼՈՒԷ50 արագացուցչի փնջով թիրախի լայնածավալ ճառագայթում էլեկտրոնների 40 միլիոն էլեկտրոն-վոլտ էներգիայով և 10 միկրոամպեր հոսանքով: Իրագործվել է սարքավորումների, ճառագայթման և Տեխնեցիում99մ զտման մեթոդների համապարփակ փորձարկում:
Տեսանյութում նկարահանված են ԼՈՒԷ50 արագացուցչի փնջի տակ գտնվող թիրախային:
մոդուլում մոլիբդենի թիրախի տեղադրման գործողությունը (Ալբերտ Ավետիսյան, Ռոբերտ Միրզոյան, Վլադիսլավ Յեգանով, Ալեքսանդր Մաթոսյան, Ժորա Բադեյան, Վարդան Մարուքյան);
արագացուցչի կարգավորման գործողությունը (Աշոտ հակոբյան, Սերգեյ Ավագյան, Ալբերտ Բաբայան);
ճառագայթած նյութի ճառագայթման սպեկտրի չափումը (Գոհար Ավդալյան, Ռոզա Ավետիսյան, Ռուբիկ Սարգսյան, Ռուբեն Դալլաքյան);
ճառագայթած թիրախի դուրս բերումը փնջի տակից և կապարե պահոցով նրա տեղափոխումը “թեժ սենյակ”, որտեղ և կատարվելու է ճառագայթած նյութի մշակումը (Ալբերտ Ավետիսյան, Ռոբերտ Միրզոյան, Ալեքսանդր Մաթոսյան, Վահան Էլբակյան);
էքստրակտորի կարգավորման և ճառագայթած թիրախից Տեխնեցիում99մ զտման գործողությունը (Ալեքսանդր Ֆիլյանին,Պավել Յերիլով, Ալեքսանդր Զվերև, Վլադիսլավ Յեգանով, Իվետտա Քերոբյան, Սվետլանա Մարգարյան):
Նախագծով նախատեսված աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին, իսկ Տեխնեցիում99մ զտման սարքավորումը նախատեսվում է օգտագործել C18 ցիկլոտրոնի փնջով Տեխնեցիում99մ ստացման ընթացքում: